ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՈՒԺԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԽԱՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

«ՈՒԺԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԽԱՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
17.12.2010 | 00:00

Անցնող տարում Կենտրոնական Ասիան հետազոտությունների առարկա և քննարկման նյութ է դարձել ամերիկյան, եվրոպական և ռուսաստանյան վերլուծաբանական բազմաթիվ հրապարակումներում։ Այս տարածաշրջանը միշտ էլ գտնվել է քաղաքական բանավեճի կիզակետում, բայց վերջին ժամանակներս այն նոր նշանակություն է ձեռք բերել, քանի որ աշխարհաքաղաքական դիմակայությունը հասել է նոր մակարդակի։ Ակներև է, որ Չինաստանն առաջատար տնտեսական ու աշխարհատնտեսական դիրքեր է ձեռք բերում Կենտրոնական Ասիայում՝ ստեղծելով էներգահաղորդակցման ենթակառուցվածքներ և մտադիր է զարգացնել դրանք՝ ծառայեցնելով բացառապես սեփական շահերին։ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների էներգետիկ ընկերություններն առայժմ չեն կարողացել հաստատել իրենց դիրքերը տարածաշրջանում և փորձում են ղազախական նավթն ու թուրքմենական գազն ուղղել դեպի Արևմուտք։ Ռուսաստանը որևէ առավելության չի հասել տարածաշրջանի էներգետիկ ոլորտում՝ բախվելով էներգապաշարների արտահանման նոր ուղիներ ստեղծելու Ղազախստանի և Թուրքմենստանի ձգտմանը։ Տնտեսության ոչ էներգետիկ ոլորտում ևս Չինաստանը հետզհետե ավելի շատ է գերակա ազդեցություն ձեռք բերում։ Քաղաքական և ռազմական ոլորտներում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չկարողացան գերիշխող դիրքերի հասնել։ ԱՄՆ-ը մշտապես խնդիրների է բախվում իր ռազմական ներկայության հաստատման հարցում, իսկ Ռուսաստանն անվստահություն է զգում ՀԱՊԿ-ի ռազմական դաշինքի գործառնության առումով։ Չինաստանը, փաստորեն, ի ցույց չի դնում իր քաղաքական ու ռազմական շահերը Կենտրոնական Ասիայում, ինչն էլ ավելի մեծ արդյունավետություն է հաղորդում չինական ներթափանցմանը։ Հարկ է նշել, որ 90-ականներին ԱՄՆ-ն այդպես էլ չորոշեց իր առաջնահերթությունները տարածաշրջանում, 2001 թվականից հետո ԱՄՆ-ի ռազմական շահերը գերազանցեցին քաղաքականին` այդ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանն ավելի շատ հատվածական բնույթ հաղորդելով։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ինչ-որ տեղ միևնույն մոտեցումներն էին կիրառում այստեղ, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետություններն իրենց պաշտպանված չզգան։
Ղազախստանը՝ աշխարհաշրջանի առավել հարուստ ու հաջող զարգացող պետությունը, ձգտում է որոշ առաջատարության, ունի հսկայական հանքային ու գյուղատնտեսական պաշարներ, բայց շարունակում է երկյուղել Չինաստանից՝ չնայած սերտ համագործակցությանը։ ՈՒզբեկստանը ևս բախվեց խնդիրների, երբ նրա քաղաքական հավակնությունները հակասության մեջ մտան տնտեսական ու ռազմական իրական հնարավորությունների հետ։ Ղրղզստանի առջև ծառացած է պետության ամբողջականությունը պահպանելու խնդիրը և ունի ուժեղ տնտեսական ու ռազմական հովանավորության կարիք։ Թուրքմենստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները տարածաշրջանի և աշխարհի առաջատար պետությունների հետ` փորձելով դիմակայել արտաքին մարտահրավերներին` Տաջիկստանը շարունակ խնդիրների է բախվում ՈՒզբեկստանի հետ հարաբերություններում և Աֆղանստանի կացությունը դիտում է որպես անմիջական սպառնալիք։ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից բացի, տարածաշրջանում դրսևորվում են Թուրքիայի և Իրանի հավակնություններն ու շահերը, որոնք, սակայն, մինչ օրս ամբողջական ու հետևողական քաղաքականություն չեն մշակել Կենտրոնական Ասիայի նկատմամբ՝ հասկանալով, որ անհրաժեշտ պաշարներ չունեն տարածաշրջանը ներկալելու համար։ Դրա հետ մեկտեղ Տաջիկստանն այս կամ այն կերպ հայտնվելու է Իրանի ուժեղ ազդեցության գոտում, քանի որ այդչափ խնդրահարույց իրավիճակում այս երկիրը չի կարող հույսը դնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցության վրա։ Թուրքիային հազիվ թե հաջողվի ուժեղ ազդեցություն հաստատել տարածաշրջանում, բայց որոշակի «պատվավոր» տեղ նա այստեղ կզբաղեցնի, և արդեն իսկ փորձում է որոշել իր ներկայության իրական ձևաչափը։ «ՈՒժի այդ կենտրոնների» հետ մեկտեղ Կենտրոնական Ասիայում մասամբ դերակատարություն ունեն Եվրամիությունն ու Հնդկաստանը, բայց անհամեմատ նվազ չափով։ Հավանաբար, երևան կգան նաև նոր խաղացողներ և աշխարհաքաղաքական նոր կողմնորոշիչներ, բայց խոսքն առայժմ ներկայիս իրավիճակի մասին է, երբ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են իմաստավորել տարածաշրջանում իրենց ներկայությունը, նպատակներն ու ռազմավարությունը։ «ՈՒժի» երեք առաջատար «կենտրոնների» խաղի առնչությամբ պետք է հստակեցնել Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական դերը՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները նկատի առնելով։
Ինչպես հայտնի է, Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծումը միայն շատ կարճ ժամանակամիջոց հարուցեց ԱՄՆ-ի անհանգստությունը, քանի որ ամերիկացիները շատ արագ հասկացան, որ այդ միությունը շատ անորոշ և անկայուն բնույթ է կրում և արտացոլում է ռուս-չինական հարաբերությունների պատմական առանձնահատկությունները, որոնք միշտ էլ ալիքաձև բնույթ են կրել` աչքի չընկելով տևական կայունությամբ։ Այս նախադրյալն էլ դրվեց ԱՄՆ-ի քաղաքականության հիմքում՝ անկախ վարչակազմի վերաբերմունքից ռուս-չինական հարաբերությունների նկատմամբ, և այժմ պարզվում է, որ այդ դիրքորոշումը միանգամայն արդարացի էր ու ճիշտ։ Դրա հետ մեկտեղ ամերիկա-ռուսական հարաբերություններում նոր միտումները չեն կարող չանհանգստացնել չինացիներին, որոնք հասկանում են, որ հավանաբար տարվել են իրենց քաղաքականության եվրասիական վեկտորով, և ինչ-որ չափով ստիպված կլինեն ընտրել, թե որ առաջնայնություններին են գերապատվությունը տալու այս կամ այն արտաքին քաղաքական ասպարեզում։ Փաստորեն, կրկնվում է 60-ականների պատմությունը, երբ Չինաստանը ԱՄՆ-ի հետ մերձեցումը գերադասեց մեկուսացվածության վիճակից և դեպի Խորհրդային Միություն միակողմանի կողմնորոշումից։ Ամերիկացի վերլուծաբաններն առաջարկում են ԱՄՆ-ի և Չինաստանի հնարավոր մերձեցման տարբեր վարկածներ, ինչը, անտարակույս, արտացոլում է ամերիկյան վարչակազմի մտադրություններն ու հայացքները։ Այս ամենը շատ նման է նրան, որ Շանհայի կազմակերպության նշանակությունը, ինչի հետ այնքան հույսեր էին կապել Ռուսաստանի քաղաքական գործիչները, նվազում է և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի համար։ Ներկայումս ԱՄՆ-ը՝ ավելի քան «ուժի» որևէ այլ «կենտրոն», բացառությամբ Եվրոպայի, տնտեսապես կապված է Չինաստանի հետ։ Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական փոխհարաբերություններից է կախված ոչ միայն նրանց բարօրությունը, այլև համապարփակ անվտանգությունը, և Ռուսաստանից բնապաշարներ ստանալու մասով ոչ մի հեռանկար չի կարող գերազանցել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նշանակությունը Չինաստանի համար։ Դա կարելի էր կանխատեսել, բայց Ռուսաստանի քաղաքական գործիչները շարունակում էին «պարծենալ» Շանհայի կազմակերպությամբ և չէին ուզում հաշվի նստել այն նոր խաղի կանոնների հետ, որոնք առկա են Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում։
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը վերջին ժամանակներս վարանոտ փորձեր էր անում՝ սահմանափակելու Կենտրոնական Ասիայում Չինաստանի դերը՝ ջանալով Ղազախստանին և մյուս երկրներին համոզել, թե անհրաժեշտ է թույլ չտալ Չինաստանի այդչափ գերադաս ներկայությունը տարածաշրջանի տնտեսության մեջ։ Բայց դա ոչ մի արդյունք չտվեց, և Ղազախստանն ու Թուրքմենստանը չսահմանափակեցին Չինաստանի մասնակցությունը նավթի ու գազի իրենց բնապաշարների արտահանությանը, իսկ այժմ էլ քննարկվում են էներգետիկ հաղորդակցությունների նոր նախագծեր։ Չինաստանը չէր կարող չարձագանքել Ռուսաստանի այդ փորձերին, քանի որ Կենտրոնական Ասիան դիտում է որպես առավել մատչելի և ընդունելի տարածք` նավթ, գազ, գունավոր ու լեգիրող մետաղներ և այլ հումք ստանալու համար, ինչը չինական արդյունաբերությանը կբավականացնի մի քանի տասնամյակ։ Ընդ որում, եթե նախկինում ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիա Չինաստանի ներթափանցման մեջ մեծ սպառնալիք էր տեսնում իր անվտանգության համար, այժմ կարելի է ենթադրել, որ ամերիկացիները վերանայել են իրենց ռազմավարությունն ու փորձում են չինացիների հետ պայմանավորվածության գալ տարածաշրջանի բնապաշարների օգտագործման խնդրում։ ԱՄՆ-ը շահագրգռված չէ անմիջականորեն Կենտրոնական Ասիայից բնապաշարներ ստանալ իր կարիքների համար, քանի որ տարածաշրջանն անչափ հեռու է Հյուսիսային Ամերիկայից՝ բնապաշարների փոխադրման առումով։ Կենտրոնական Ասիա Չինաստանի ներթափանցումը այսպես թե այնպես կհանգեցնի նրա բախմանը Ռուսաստանի, ինչպես նաև իսլամական տերությունների հետ, ինչը որոշ ժամանակ անց ԱՄՆ-ին հնարավորություն կընձեռի ձեռնամուխ լինելու իր ավելի արդյունավետ ու առարկայական խաղին։ Չնայած Չինաստանը երկար ժամանակ հետաքրքրություն էր դրսևորում Պակիստանի նկատմամբ, բայց ներկայիս իրավիճակը դարձել է այնքան սպառնալից, որ Չինաստանն այժմ շահագրգռված է Պակիստանի կողմից սպառնալիքների ու վտանգների օջախների մարմամբ։ Միացյալ Նահանգները և Չինաստանը լիովին կարող էին պայմանավորվածության հանգել բազմաթիվ հարցերում՝ կապված Պակիստանի առնչությամբ շահերի համընկնման հետ, որը փլուզվում է որպես պետություն, ինչն ավելի մեծ սպառնալիք կդառնա ոչ թե ԱՄՆ-ի, այլ Չինաստանի համար։ ԱՄՆ-ի կողմից Կենտրոնական Ասիայի «զիջումը» Չինաստանին թույլ կտա նրա հետ պայմանավորվել որոշ ասպարեզներում, որոնցում Չինաստանը ենթադրում է ուժեղացնել իր ներկայությունը, նախ և առաջ՝ Աֆրիկայում։ Աֆրիկան առանձնահատուկ տեղ է գրավում ԱՄՆ-ի ռազմավարության մեջ, և հանուն այդ տարածաշրջանի իրավիճակի կանխատեսելիության, որի վրա է ԱՄՆ-ը շեշտը դնում ապագայում բնապաշարներ ստանալու նկատառումով, կարելի էր նաև զոհաբերել մի այնպիսի տարածք, ինչպիսին Կենտրոնական Ասիան է։ Բացի այդ, վերջին ժամանակներս ԱՄՆ-ին հաջողվեց մի տեսակ «հանդարտ ռեժիմով» որոշակի «անվտանգության գոտի» ստեղծել, որն ընդգրկում է Չինաստանը Խաղաղ օվկիանոսի, Հեռավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի կողմից։ Չինաստանը զգաց այդ «գոտու» նշանակությունը և հասկացավ, որ դա կարող է լուրջ սահմանափակում դառնալ իր ծավալման ճանապարհին։ Մինչդեռ այդ վիթխարի տարածաշրջանը բազմաթիվ խնդիրներ է պարունակում Չինաստանի համար, և առայժմ ոչ մի նախադրյալ չկա, որ Չինաստանը կարող է էական բնապաշարներ ստանալ Խաղաղ օվկիանոսի կղզիներից։ Ինչ վերաբերում է Հարավարևելյան Ասիային, ապա այդ տարածաշրջանն ինքը զգալի հավակնություններ ունի տնտեսության զարգացման առումով, ուստի կարելի է ենթադրել, որ Չինաստանը կարող էր համաձայնել ԱՄՆ-ի այն ազդանշանների հետ, որ գերադաս ներթափանցում իրականացնի Կենտրոնական Ասիա։
Քիչ չեն այս թեմայի շուրջ դատողություններ պարունակող հոդվածները, թե ԱՄՆ-ին արդյո՞ք հարկավոր է Կենտրոնական Ասիան։ Այս դատողությունները նոր չեն, բայց հենց ներկա պահին, երբ ամերիկացի զինվորականները դատողություններ են անում, թե ԱՄՆ-ը հնարավոր է, որ «Աֆղանստանում մնա մեկընդմիշտ», իսկ Պակիստանի դրությունը հետզհետե ավելի է բարդանում, դժվար է ասել` ամերիկացի քաղաքական գործիչներն ու ռազմավարները հստակ պատկերացում ունե՞ն, թե ինչ է սպասում ամերիկացիներին Կենտրոնական և Հարավային Ասիայում։
Մեր կարծիքով` ԱՄՆ-ը շարժվում է ժամանակի առումով երկարատև ռազմավարություն մշակելու ուղղությամբ, ինչը թույլ կտար ոչ միայն հաջողությամբ օգտագործել Կենտրոնական Ասիայի հաղորդակցությունները, այլև համախմբել շատ պետությունների, նախ և առաջ Ռուսաստանի և Չինաստանի ջանքերը աֆղանապակիստանյան «հրաձգարանից» կամ համաշխարհային խառնակչության օջախից բխող սպառնալիքները զսպելու ուղղությամբ։ Պակիստանի աճող անկառավարելիությունը հետզհետե ավելի է անմիջական սպառնալիքի վերածվում Ասիայի պետությունների, այդ թվում` Իրանի համար, որը շատ շուտով կբախվի իսլամական արմատականության հետ մեծ պատերազմի վտանգին։ Իրանը, լինելով ոչ նախահարձակ պետություն և գտնվելով խոր պաշտպանության մեջ, Արևմուտքի պետությունների, Ռուսաստանի և իսլամական շատ երկրների համերաշխության շնորհիվ կդառնա մեծապես շահագրգռված՝ հակազդելու Պակիստանից բխող սպառնալիքներին։ Ընդ որում, Թուրքիան հազիվ թե թույլ տա ներքաշել իրեն միանգամայն խորթ այդ խաղի մեջ և չեզոք դիրք կբռնի՝ հետևելով իր հակառակորդների և ախոյանների քայլերին։ ԱՄՆ-ի այդ ռազմավարությունը կնշանակի ազդեցության գործառնական բաժանում Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանը կսկսի իրականացնել անվտանգության հարցերի «ընդհանուր գործառնական կառավարումը», Չինաստանն առայժմ շահագրգռված է բնապաշարներ ստանալու մեջ, իսկ ԱՄՆ-ը՝ ռազմահանգրվանների և հաղորդակցությունների, ռազմական տարանցման կայուն գործառույթով։ Ազդեցության «գոտիների» այդ բաժանումն արդեն ձևավորվել է և, ըստ երևույթին, այսուհետ ևս կզարգանա։ Ինչ վերաբերում է Չինաստանի համապարփակ զսպման հիմնախնդրին, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում ծառացած է ամերիկացիների առջև, այն կարող է հաջողությամբ լուծվել միայն ճնշման ու զիջումների ճկուն համակարգի գործադրմամբ։ Այդ առնչությամբ ԱՄՆ-ը փորձում է կիրառել նաև որոշ տարածաշրջանների բնապաշարները Չինաստանին «զիջելու» տարբերակներ՝ այլ տարածաշրջաններում քաղաքականության և տնտեսական ներթափանցման ոլորտում չինական հավակնությունների սահմանափակման դիմաց։ Այս տրամաբանական սխեման ինքնին խիստ խոցելի է, առավել ևս, որ ԱՄՆ-ի և Չինաստանի գոյակցության ներկա պայմաններում հազիվ թե որոշակի պաշտոնական համաձայնություններ ձեռք բերվեն։ Բոլորովին վերջերս տեղի ունեցան իրադարձություններ, որոնք չեն կարող չհուզել ԱՄՆ-ին. Չինաստանը փորձում էր «գնել» Հունաստանի տնտեսության հանգուցային ոլորտները, նույն հավակնություններն ունենալով նաև Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի նկատմամբ։ Դա կարող է հանգեցնել Եվրամիության տնտեսության, ինչպես նաև արժութային գործընթացների վրա Չինաստանի ազդեցության աճին։ Չինաստանից Եվրոպայի այդչափ լուրջ կախյալությունը ԱՄՆ-ը կարող է դիտել որպես աղետ, և ամերիկացիները չեն կարող նախազգուշական կանխիչ միջոցներ չձեռնարկել։ Եվրոպան ԱՄՆ-ի գլխավոր տնտեսական գործընկերն է, և նրա վրա Չինաստանի ազդեցությունը չի կարող չհանգեցնել Եվրոպայում ԱՄՆ-ի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լծակների խարխլմանը։ ՈՒստի, որքան էլ լավատեսական լինեն ամերիկյան ենթադրությունները տարածաշրջանների նկատմամբ, ամբողջ աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ Չինաստանը մտադիր է շարունակել համապարփակ տնտեսական ներթափանցումը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ